18 հոկտեմբերի 2012 - 09:34 AMT
«Հայկական ժամանակ». Հայաստանի բնակչության 60-70 տոկոսն աղքատ է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ մեր բնակչության 30 տոկոսն աղքատ է, և դա վտանգավոր ցուցանիշ է: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իրականում աղքատության մակարդակը շատ ավելին է, քան ներկայացնում է ՀՀ վարչապետը:

«ՀՀ-ում գործող մեթոդաբանությամբ՝ աղքատ են համարվում նրանք, ում ամսական եկամուտը 33 հազար 500 դրամից ցածր է (2010թ. տվյալներով): Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը, այսինքն՝ գոյատևման համար անհրաժեշտ գումարն ամսական կազմում է ավելի քան 53 հազար դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ աղքատ պետք է համարվեն նրանք, ովքեր ունեն ամսական մինչև 53 հազար դրամի եկամուտ: Չկա վիճակագրություն, թե մեր բնակչության քանի տոկոսն ունի մինչև 53 հազար դրամի եկամուտ, բայց կարելի է կռահել, որ այդպիսիք առնվազն 60-70 տոկոս են կազմում»,-գրում է թերթը::