15 ապրիլի 2005 - 08:29 AMT
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԴԱ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հայաստանի իշխանությունները բազմիցս անգամ հայտարարել են, որ հանդես են գալիս Թուրքիայի եւ տարածաշրջանում մյուս հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման օգտին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ Սանքտ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Մենք հանդես ենք գալիս նորմալ գործընկերային հարաբերությունների օգտին: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, ապա այդ հարցի քննարկումները վաղուց ավարտվել են: Այս տարի կլրանա ցեղասպանության 90-ամյակը եւ ես գտնում եմ, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն չկա»,-նշել է նա: Նրա կարծիքով, բոլորը պետք է դատապարտեն մարդկության դեմ կատարած այդ ոճիրը: Բազմաթիվ երկրների խորհրդարաններ արդեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը եւ «մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանության հարցը, ինչը չպետք է խոչընդոտ դառնա հայ-թուրքական հարաբերությունների համար»: Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանը գտնվում է փաստական շրջափակման մեջ Թուրքիայի կողմից` ավելացնելով, որ եվրաինտեգրման ձգտող երկիրը չպիտի դիմի երկակի ստանդարտների: «Մենք պիտի աստիճանաբար հասնենք նորմալ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ես Ստրասբուրգում առաջին անգամ հանդիպեցի Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ եւ շատ հետաքրքիր խոսակցություն ունեցա, մենք կողմ ենք մեր հարաբերությունների ցավոտ խնդիրները համատեղ քննարկելուն եւ փոխընդունելի որոշումներ գտնելուն»,-ավելացրել է ՀՀ ԱԺ ղեկավարը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը Սանք Պետերբուրգում է գտնվում ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: