15 ապրիլի 2005 - 09:00 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ
Եվրամիության արտգործնախարարները այսօր Լյուքսենբուրգում մեկնարկող ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ կքննարկեն Կովկասի հակամարտությունները: Նախարարները մտադիր են քննարկել «սառեցված կոնֆլիկտները» Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Չեչնիայում: Եվրոպական տեղեկատվական ծառայության փոխանցմամբ, այդ հակամարտությունները «երբեք մեծ քաղաքական ուշադրության չեն արժանացել, մինչդեռ Եվրամիությունը չի կարող կարեւորություն չտալ այս տարածաշրջանին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, քանզի այստեղով է անցնում դեպի Կենտրոնական Ասիա տանող ճանապարհը»: Սպասվում է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները այս երկրներին կհորդորեն հաստատել տարածաշրջանային համագործակցություն: Նախարաները նաեւ մտադիր են կովկասյան հակամարտությունների հարցը բարձրացնել տարածաշրջանի շահագրգրված երկրների, առաջին հերթին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առջեւ: