20 հոկտեմբերի 2012 - 14:33 AMT
Հունգարիայի ԱԳ նախարարը Քլինթոնի առջև փորձել է արդարացնել իր կառավարության գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հերթական անգամ ափսոսանք է հայտնել առ այն, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, չնայած հայկական կողմին տված երաշխիքներին: Ինչպես գրում է Nouvelles d'Arménie-ին, Հունգարիայի ԱԳ նախարարը Քլինթոնի առջև փորձել է արդարացնել իր կառավարության գործողությունները, որոնք խիստ քննադատության ենթարկվեցին Վաշինգտոնի կողմից:

Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը կրկին անգամ խորը հիասթափություն է հայտնել Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: