20 հոկտեմբերի 2012 - 14:24 AMT
Իրանագետ. Իրանի դեմ պատերազմ դժվար թե լինի

Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների զարգացումները՝ նախ պետք է ասել, որ Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցները շատ նոր չեն: Կարելի է ասել, որ ատոմային ծրագիրը լավ պատրվակ է Արևմուտքի համար՝ գործելու Իրանի դեմ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Վերջինիս կարծիքով՝ այն հարցին, թե արդյոք Իրանի դեմ պատերազմ կսկսվի, մի քիչ ավելի խորը պետք է նայել: «Տարածաշրջանում Իրանը դիտարկվում է որպես Թուրքիայի հետ մրցակից երկրի, և որոշակիորեն զսպող դեր է կատարում Թուրքիայի նկրտումների հետ կապված: Կազմալուծելով Իրանը որպես պետություն՝ Արևմուտքը չի գիտակցում, որ ջուր է լցնում Թուրքիայի պահանջատիրական քաղաքականության ջրաղացին»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ Իրանի դեմ պատերազմ, որպես այդպիսին, դժվար թե լինի:

Բանախոսի պնդմամբ՝ բնականաբար չի կարելի հերքել այն վարկածը, որ պատերազմ չի լինի: Խնդիրը տարածաշրջանում Իրանի դերի ու դիրքի ամրապնդման մեջ է:

Հայաստան-Իրան հարաբերությունների մասին իրանագետն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Իրանը նույնպես գտնվում է շրջափակման մեջ, և վերջինիս հայանպաստ քաղաքականությունը բխում է նրա շահերից: