20 հոկտեմբերի 2012 - 14:32 AMT
Հեծանիվ և ֆոտոխցիկ կստանան վայրի բնության լավագույն երիտասարդ նկարիչները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ արդեն հինգերորդ տարին է նախաձեռնում և իրականացնում է ամենամյա համահայկական նկարչական մրցույթ նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են հիմնադրամից:

Մրցույթի նպատակն է միավորել երիտասարդներին ու ներգրավել նրանց՝ Հայաստանի բնության և մշակութային արժեքների պահպանման գործում:

Այս տարի հինգերորդ Համահայկական նկարչական օրը կանցկացվի Հյուսիսային պողոտայում, վաղը՝ ժամը 11:00-ին և կավարտվի 16:00-ին:

Պատանիներն ու աղջիկները կստեղծագործեն բնապահպանական և մշակութային թեմաներով` արտահայտելով իրենց պատկերացումներն ու մտահոգությունները: Նկարչական օրվան կմասնակցեն Երևանի, տարբեր մարզերի նկարչական դպրոցների ավելի քան 1200 երեխա:

Համահայկական նկարչական մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ամենամյա հաշվետու միջոցառման ժամանակ՝ դեկտեմբեր ամսին: Հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից լավագույն նկարիչներին կշնորհվեն մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ և այլ մրցանակներ:Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք կտրամադրեն 5-րդ Համահայկական նկարչական մրցույթ նախագծի գործընկեր կառույցները: Հետագայում նախագծի շրջանակներում կստեղծվեն տպագիր ճանաչողական և կրթական նյութեր: