22 հոկտեմբերի 2012 - 15:05 AMT
«Զվարթնոց» օդանավակայանը հոկտեմբերի 22-ին նորմալ սպասարկում է «Արմավիայի» չվերթները

«Զվարթնոց» օդանավակայանը հոկտեմբերի 22-ին նորմալ սպասարկում է «Արմավիայի» չվերթները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Նա նաև հավելել է, որ այժմ հաշվարկներ են կատարվում կապված այդ պարտքի հետ և հստակ պատասխան բոլոր հարցերին կտրվի հոկտեմբերի 23-ին:

Ավիաընկերությունում պնդում են, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար:

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: