19 ապրիլի 2005 - 09:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԴԵՌ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամկետներն առայժմ հստակեցված չեն: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Ընդսմին նա ավելացրել է, որ լոնդոնյան հանդիպման ընթացքում տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշատակել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների Ֆրանկֆուրտում կայանալիք հանդիպման մասին: Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյն Հուսեյնովն իր հերթին հայտարարել է, որ «Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հաջորդ հանդիպումն անցկացնել Ֆրանկֆուրտում ապրիլի 27-ին»: Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող դառնալ բանակցությունների առարկա, ճիշտ այնպես, ինչպես չի կարող խոսք լինել նաեւ ադրբեջանական կողմից փոխզիջումենրի մասին»,- ընդգծել է նա: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մեթին Միրզան իր հերթին նշել է, որ «պայմանավորվածություն կա Ֆրանկֆուրտում բանակցությունների շարունակման վերաբերյալ, նշանակում է, կա որոշակի առաջընթաց, եւ բանակցային գործընթացին պետք է նայել լավատեսորեն»: