22 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եվրոպական կառույցները Հայաստանից թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են ակնկալում

Հայաստանյան նախորդ բոլոր ընտրությունների համեմատ` անցած խորհրդարանական ընտրություններն ավելի ժողովրդավարական ու թափանցիկ էին: Այս մասին ասում են Հայաստանում գործող Եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրեցին Հայաստանում 2012 և 2013թթ. ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ համատեղ ծրագրի միջանկյալ արդյունքները: Դեսպաններն ընդգծեցին, որ ծրագիրն առանձնանում է գործունեության լայն տիրույթով և ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հեղափոխություն անել չէր կարող: «Մենք կարող էինք շինարարության համար աղյուսներ տալ, բայց գլխավոր շինարարը պետությունն է»,- ասաց Անդրեյ Սորոկինը: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայի գալիք նախագահական ընտրությունները թափանցիկ և ժողովրդավար կազմակերպելու հարցում:

«Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրով նախատեսված` աշխատանքներ են տարվել ոստիկանության, ՄԻՊ-ի աշխատակազմի և ընտրական գործընթացներին ներգավված այլ պետական ու ոչ պետական կառույցների հետ: Ավելացնենք, որ «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի նպատակն է համապարփակ օժանդակություն ցուցաբերել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների արդյունավետությունը և ընտրական գործընթացների թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն ուղղված էր խորհրդարանական ընտրությունների աջակցությանը, իսկ երկրորդը` 2013թ.-ին նախագահական ընտրությունների անցկացմանը: Ծրագրի իրագործման համար Եվրոպական միությունը տրամադրել է 1.704.237 եվրո ֆինանսական օժանդակություն:

ՖՈՏՈՇԱՐՔ