Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ութակի չեմպիոն Հրաչյա Շահազիզյանին և նրա հետ քննարկել սպորտաձևին առնչվող հարցեր: Նրանք անդրադարձել են առկա խնդիրներին, զարգացման հեռանկարներին և նախարարության կողմից սպորտաձևին ցուցաբերվող աջակցության հնարավոր ուղղություններին:
Ռոստոմյանը խոստացել է աջակցել նավամոդելային սպորտը նախարարության կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերում ընդգրկելու հարցում: Նա շեշտել է, որ նախարարության որդեգրած՝ փոքր ֆեդերացիաների աջակցության քաղաքականությունը, կնպաստի նաև այս սպորտաձևի մասսայականացմանը և դրա վերաբերյալ տեղեկատվության տարածման ակտիվացմանը:
Շահազիզյանը ներկայացրել է նավամոդելային սպորտում հայ մարզիկների ունեցած ձեռքբերումները: Նա տեղեկացրել է, որ հայ նավամոդելավորողները, միջազգային ասպարեզներում իրենց հակառակորդների նկատմամբ հաղթանակի են հասնում միայն նորարարական մեթոդների կիրառման շնորհիվ: