22 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT
ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորներն ընդդեմ ԲՀԿ-ի առաջարկած օրինագծերի

ԱԺ–ի այսօրվա քառօրյայի ժամանակ ՀՀԿ–ի և ՕԵԿ-ի պատգամավորները դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծերին։ 43 կողմ, 64 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը չի ընդունել ԲՀԿ–ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի և Էլինար Վարդանյանի նախաձեռնած «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին», «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցերին։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց. «Կառավարությունը մեր ներկայացրած նախագծերին տվել է բացասական գնահատական, ընդ որում` տարբեր գերատեսչություններ բացասական դիտարկումներ չունեին մեր նախագծերի վերաբերյալ, բայց բացասական գնահատեցին: Ավանդույթի համաձայն` նաև հանձնաժողովները բացասական գնահատեցին, բայց մենք չհետաձգեցինք վերջինիս քվեարկումը»:

Զոհրաբյանի պնդմամբ՝ հարցը օրակարգից չեն հանել, քանի որ իրենց համար էական էր, որպեսզի հանրությունը տեսներ, թե ո՞ր քաղաքական ուժերն են դեմ, որպեսզի մանր ձեռնարկատերերը, որոնք վարձու աշխատող չունեն, հարկային արտոնություններ ստանան, գեղարվեստական գրականությունը լինի առանց հարկերի, և այլ բարեփոխումների:

«Ուղղակիորեն շարունակվում է տնտեսության մեջ այն սխալ քաղաքականությունը, որն իրականացնում է այս կառավարությունը»,-ասաց Ն. Զոհրաբյանը: