22 հոկտեմբերի 2012 - 19:44 AMT
Կանխվել է 10 մլն դրամի դեղամիջոցի անօրինական մուտքը Հայաստան

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն:

Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված դեղամիջոցները ՀՀ է ներկրել իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը: