23 հոկտեմբերի 2012 - 11:26 AMT
Տավուշի մարզում համաձայնագիր կստորագրվի սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարող ֆրանսիական կառույցի հետ

Հոկտեմբերի 24-ին և 25-ին Տավուշի մարզում կթարմացվի Օ-դը-Սեն Նահանգի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակ Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին կներկայացնի խորհրդի փոխնախագահ Իվ Ռեվիլլոնը:

Օ-դը-Սեն Նահանգի Գլխավոր խորհրդի Միջազգային համագործակցության գործողությունների թիրախը սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարն է հինգ երկրներում` Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի և Մալի: Նպատակը խոցելի բնակչության պարենային անապահովության և ծայրահեղ աղքատության կայուն կերպով նվազեցումն է և Օ-դը-Սենի բնակչությանը Միջազգային համերաշխության մարտահրավերներին ծանոթացնելն է` նրանց խրախուսելով ընդգրկվել շահառուների կենսապայմանների կայուն բարելավմանը նպաստող նախագծերի մեջ: 2012թ. Նահանգային ժողովը կողմ է քվեարկել Միջազգային համագործակցությանը 2 մլն եվրոյի բյուջե տրամադրելու:

Պատվիրակությունը կկատարի Գլխավոր Խորհրդի կողմից Լուսաձորում ֆինանսավորված ֆերմայի հանդիսավոր բացումը և կայցելի գյուղատնտեսական բազա Սարիգյուղում և գյուղական միկրո-ֆերմա` Կիրանցում: Այս այցը առիթ է նաև Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի իրականացրած գործողություններին հետևելու համար:

Հանդիպում է նախատեսվում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ :