23 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT
Լեզվաբան. Հայաստանում հումորային գովազդը ժարգոնային խոսք է ենթադրում

Հայաստանում հումորային գովազդը ժարգոնային խոսք է ենթադրում: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով` լեզվի ճիշտ և գրագետ կիրառման տեսակետից գովազդի մի քանի խումբ կարելի է առանձնացնել: «Ժարգոնային հումորով համեմված գովազդը հենց այդ խմերից մեկի մեջ է մտնում. նոր հնարված բառախաղերն ու ականջին անսովոր տարօրինակ արտահայտությունները հումորային գովազդ կառուցելու հիմնական սկզբունքն են դարձել: Մյուս խմբում օտար լեզվով, բայց հայերեն թարգմանված գրություններով գովազդն է, որը հայախոս հեռուստադիտողի շահի ոտնահարում կարելի է համարել. Դա օտարամոլության դրսևորում է: Երրորդ խմբում հայոց լեզվի խեղաթյուրումներով գովազդն է, որը ամենախայտառակ սխալներով գնում է եթեր: Դա խոչընդոտում է նաև մայրենի լեզվի ճիշտ ուսուցմանը, քանի որ դպրոցում երեխաներին մի բան են սովորեցնում, իսկ հեռուստատեսությունը մեկ այլ բան է լսելի դարձնում նրանց ականջին, նրանք ապակողմնորոշվում են»,- ասաց նա` հավելելով, որ կարելի է առանձնացնել նաև գովազդների մի փոքր խումբ, որը ճիշտ և ընդունելի հայերենով է սկզբից մինչև վերջ:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ այսօր հայկական գովազդը մեծ առաջընթաց է ապրել հոգեբանական ազդեցության առումով: «Բայց հաճախ հոգեբանական ազդեցության առումով շատ նրբություններ հաշվի չեն առնում, ինչն էլ հենց կարող է կողմնորոշող դառնալ: Գովազդը մեր կամքից անկախ ներշնչանք է, ընդ որում անուղղակի գովազդը հաճախ շատ ավելի ուժեղ է ազդում մարդու հոգեբանության վրա»,- ասաց նա` ափսոսանք հայտնելով, որ այսօր հայկական եթերում պակասում է առողջ ապրելակերպ քարոզող գովազդը: