19 ապրիլի 2005 - 13:21 AMT
ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉՈՐՍ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս է տեսել Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը եւ պատմական հիշողությունը» հետազոտությունը, հաղորդում է «Երկիր» թերթը: Գրքի թարգմանությունների հրատարակումը նվիրված է Հայոց ցեղասպանության 90ա-մյակին: Իսկ մոտ ժամանակներս այն լույս կտեսնի նաեւ թուրքերեն Թուրքիայում: Վ.Սվազլյանի գիտական հետազոտության մեջ ներկայացված են 1915-22 թթ. պատմական իրողությունները, ավելի քան 650 հայերի վկայությունները, որոնց հաջողվել է փրկվել Ցեղասպանությունից, ինչպես նաեւ այդ ահավոր ոճրագործության զոհերի հարազատների վկայություններ: Աշխատության նպատակն է փրկել անհետացումից եւ պատգամել ապագա սերունդներին Ցեղասպանության մասին հիշողությունների գրառումները եւ պատմական երգերը, որոնք հեղինակը շուրջ 50 տարի հավաքել է Հայաստանում եւ սփյուռքում: