24 հոկտեմբերի 2012 - 18:08 AMT
Իրանը դեռևս դժգոհ է ՀՀ հետ համատեղ ծրագրերի արդյունքից՝ ավելի մեծ առաջընթաց է պետք

Հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան է ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Կարևորելով Հայաստանի դերն ու նշանակությունը հարևան երկրների հետ հարաբերություններում` Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ասաց. -Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են փոխըմբռնման մթնոլորտում:

Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք իհարկե առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար: