25 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT
Շարմազանովը գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի՝ Սաֆարովի գործով ընդունած բանաձևի կապակցությամբ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր և ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ և արդարացի բանաձևի կապակցությամբ: Կարևորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու ևս մեկ դրսևորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ եւ շարունակական:

Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարևորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:

Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձևն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին: