21 ապրիլի 2005 - 15:09 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ՍԱԿԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երեւանյան միջազգային համաժողովի փակման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անդամակցությունը ԵՄ-ին ենթադրում է ժողովրդավարության հաստատում, թույլ կտա թուրք պատմաբաններին բացահայտ արտահայտել իրենց կարծիքը, եւ վերջապես Հայաստանը փակ սահմաններ չի ունենա ԵՄ անդամ երկրի հետ: «Սակայն համապատասխանում է արդյո՞ք ներկայիս Թուրքիան այդ չափանիշներին: Շատ հնարավոր է, որ Թուրքիան այլ ուղիներ կփնտրի ԵՄ-ին անդամակցելու համար` առանց Ցեղասպանության ճանաչման եւ փակ սահմաններով»: Վ.Օսկանյանը հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանը նախապայմաններ չի առաջարկում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Թուրքիային անհրաժեշտ է ներսից փոխել քաղաքականությունը, սակայն հարկավոր է նաեւ դրսի ճնշումը»,-ընգծել է արտգործնախարարը: