26 հոկտեմբերի 2012 - 17:56 AMT
Քաղաքագետ. Ընդդիմությունը պետք է շտապի

«Դաշնակցության» գլխին, կարծես, սև ամպեր են կուտակվել: Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է, որ կուսակցությունում խառնաշփոթ է տիրում, այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով են գնալու նախագահական ընտրություններին: «Խառնաշփոթ հնարավոր է բոլոր կուսակցություններում, բացի ՀՅԴ-ից»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը հայտնի է իր գաղափարական և կազմակերպչական կանոններով ու կառույցով: «Մեզ մոտ բուռն են լինում քննարկումները, լինում են տարբեր կարծիքների բախումներ, բայց խառնաշփոթ չի կարող առաջանալ, որովհետև շատ հստակ է մեր ընթացքը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ՀՅԴ-ի շուրջ ծավալվող քննարկումների պատճառն այն է, որ ընդիմադիրները որոնումների մեջ են և չեն գտնում ֆավորիտին, որը ռեալ այլընտրանք կդառնա : «Ընդդիմադիր ուժերը պիտի համագործակցեն: Եթե չհաղթեն էլ, գոնե գործող նախագահը հեշտությամբ չի անցնի: Պետք է շտապել ու կանգնել մեկ թեկնածուի վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Լևոն Շիրինյանը: