21 ապրիլի 2005 - 16:32 AMT
ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԿՐՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շատ պետությունների ճնշման տակ Թուրքիան այնուամենայնիվ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է այսօր Երեւանում թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Նրա խոսքերով, ճնշման տակ արված ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է ցեղասպանության գիտակցված ճանաչում: Ինչպես նշել է Դինկը, հակառակ դեպքում Թուրքիան ինչպես կճանաչի ցեղասպանությունը, այնպես էլ կմոռանա դրա մասին: Բվարար չէ, որ ցեղասպանությունը ճանաչում ստանա միայն Թուրքիայի իշխանությունների կողմից, արժեքավոր է նաեւ թուրք ժողովրդի ճանաչումը: Անդրադառնալով Թուրքիայի առաջարկին փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ` նա նշել է, որ անհրաժեշտ է օգտվել այս առիթից, քանի որ, նրա խոսքերով, դա նոր հնարավորություն է հրապարակելու նոր, նախկինում անհայտ փաստեր 1915 թվականի իրադարձությունների մասին: