27 հոկտեմբերի 2012 - 09:29 AMT
«168 ժամ». ՀՀԿ գործադիր մարմնի նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշվել է կուսակցության արտահերթ համագումար հրավիրել դեկտեմբերի 15-ին:

«168 ժամ»-ը գրում է, որ նիստում քննարկվել է արտահերթ համագումարի օրակարգը, որը բաղկացած է լինելու մեկ հարցից` Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ. նախագահական ընտրություններում:

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել: Նաև նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ-ին: Շարմազանովը միաժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպումներ կայանում են, և դրա պատճառը ոչ միայն այն է, որ Ծառուկյանն ԱԱԽ անդամ է, ՀԱՕԿ նախագահ, այլև այն, որ՝ «ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է, ով կողմ է երկխոսությանը տարբեր ուժերի հետ»: