23 ապրիլի 2005 - 10:27 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆՇԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Հայոց ցեղասպանության 90-ամայակի կապակցությամբ Եվրոպայի հայերի դաշնությունը կոչ է արել հայկական կազմակերպություններին իրենց ստորագրությունները դնել ԵՄ ժողովրդավարական գործադիր կառույցներին հասցեագրված հայտարարագրի տակ, որով կոչ է արվում ԵՄ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ հայտնվում է ազգային խորհրդարանների եւ Եվրախորհրդարանի կարծիքը առ այն, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու նախաշեմին: Եվրոպայի հայերի դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանի խոսքերով, մի երկրի մուտքը ԵՄ, որը ժխտման քաղաքականություն է վարում, առաջին հերթին, մեծ խնդիր կդառնա Եվրոպայի ապագայի համար: Այդ կառույցի ղեկավարությունը չի կարող անտեսել ազգային խորհրդարանների եւ Եվրախորհրդարանի կոչերը, որոնց 2004 թվականի դեկտեմբերի 15-ի բանաձեւերը կոչեր են պարունակում ուղղված Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդին պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշել է Հ.Չոբոյանը: Դաշնությունը հիշեցնում է, որ որոշ եվրոպական երկրներ վկաներն են եղել հայերի զանգվածային ոչնչացման, իսկ մյուսները անմիջական մասնակցություն են ունեցել դրան: Մյուս երկրները խոստացել են պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության համար մեղավորին, սակայն այդ խոստումները այդպես էլ չեն կատարվել: Այսօրվա Եվրոպան, որ կազմված է այդ պետություններից, չի կարող անտեսել մարդկության դեմ այդ հանցանքը, հայտարարել է Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, բոլոր եվրոպացիների եւ եվրոպական ժողովրդավարական կառույցների պարտքն է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: