29 հոկտեմբերի 2012 - 18:06 AMT
ՆՓԱԿ-ում տեղի կունենա «թատրոն առանց թատրոնի» փառատոնը

Նոյեմբերի 11-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կանցկացվի «Մէկ քառակուսի մետր» թատրոն առանց թատրոնի 7-րդ փառատոնը: Սկզբում նախատեսված էր, որ փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 8-11, սակայն մասնակիցների սակավ թվի պատճառով բացումն ու փակումը տեղի կունենան նույն օրը:

Փառատոնը կբացվի ժամը 19:00-ին «Խազեր» երգչախմբի ելույթով, որին կհաջորդեն «Սուտլիկ որսկանը», «Մենավոր մարդը» ներկայացումները, «Մէկ քառակուսի մետր» միջանկյալ ներկայացումը: Այնուհետև կցուցադրվեն «Կաղապարում», «Մէկ քառակուսի մետր» միջանկյալ և «Ստվեր» ներկայացումները:

Փառատոնի մասնակից Մերի Կիրակոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը և Անահիտ Տեր-Սարգսյանը, հանդիսանալով Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասաններ, հանդես կգան պրեմիերայով: «Կաղապարումը» մարդկային անազատությունների մասին պատմող բեմադրություն է, որն առաջին անգամ կներկայացնենք «Մէկ քառակուսի մետր» փառատոնի շրջանակում: Դրանից հետո ներկայացումը կցուցադրվի Մնջախաղի պետական թատրոնում նոյեմբերի 22-ին»,- նշեց նա:

«Մէկ քառակուսի մետր» փառատոնի մասնակիցների խաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով, տևողությունը` մինչև 45 րոպե: Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ փառատոնում չկան, իսկ ներկայացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները` լույս, հնչյուն, վարագույր և այլն, պետք է ղեկավարվեն մեկ քառակուսի մետր բեմից, եթե բեմադրիչը կամ խումբը նման միջոցների կարիք ունի: «ՆՓԱԿ» թատրոնը աջակցում է հնարավոր տեխնիկական, ստեղծագործական հարցերում, և լավագույն ներկայացումները կներգրավվեն «ՄԷԿ» նախագծի հյուրախաղային ծրագրում:

Փառատոնի գլխավոր մրցանակը «Հեղինակների ձայնն» է, որին արժանանում է առավելագույն ձայն ստացած հեղինակ-ռեժիսորը: Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից ռեժիսորների միջև: Քվեարկող թատերախմբերի անդամները իրավունք չունեն ձայն տալ ստեղծագործական խմբի անդամներին: Առավելագույն հավասար քվե ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ: Փառատոնի նախագահը շնորհում է «Լավագույն մէկ քառակուսի մետր» մրցանակը, իսկ ժյուրին` «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» և «Լավագույն գրական հիմք» մրցանակները: