23 ապրիլի 2005 - 11:56 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ ՈՒՂՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Այսօր Երեւանում տեղի ժամանակով 20:30-ին կկայանա ջահերով երթ Հանրապետության հրապարակից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net թղթակցին, արդեն 5 տարի շարունակ Դաշնակցության կողմից կազմակերպվող երթին այս տարի միացել են բոլոր ուսանողական միությունները, ինչպես նաեւ երկրի քաղաքական կազմակերպությունները: Միջոցառման կազմակերպմանը աջակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Նախատեսվում էր, որ ջահերով երթին կմասնակցեն 5 հազարից ավելի մարդ, որոնք կտանեն 1500 ջահեր: Սակայն մասնակիցների թիվը գերազանցեց ակնկալիքները, հասնելով մոտավորապես 10 հազարի: Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ կհնչի Արա Գեւորգյանի «Ադանա» երգը, որի կատարման համար հրավիրվել են երգիչներ արտերկրից: Մասնավորապես, երգը հնչելու է ամերիկացի երգիչ եւ երգի խոսքերի հեղինակ Դանիել Դեքերի, գերմանացի երգիչ Կայ Աուգագենի, Բուլղարիայի օպերային երգիչ, տենոր Ցվետան Ցվետկովի, Ֆինլանդիայի հայտնի էստրադային երգչուհի Ինկայի եւ մոլդավացի Վիտալի Դանիի կատարմամբ: