24 ապրիլի 2005 - 08:47 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՌԱՆՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Այն, որ 18 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հայոց դիվանագիտության հաջողությունն է, այսօր լրագրողներին է հայտարարել պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա կարծիքով, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիային թույլ չեն տա մուտք գործել Եվրամիություն, քանի որ մի շարք եվրոպական երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: «Ի վերջո Թուրքիան ինքը պետք է մտածի դրա մասին»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 15 երկրների խորհրդարաններ: Հայոց ցեղասպանությունը որպես փաստ է ընդունվում եւ դատապարտվում ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ մի շարք հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՄՆ 50 նահանգներից 32-ի կողմից: 2005 թվականի ապրիլի 19-ին ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել Լեհաստանի Սեյմը: Ներկայումս նմանատիպ փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ գերմանական Բունդեստագում: