30 հոկտեմբերի 2012 - 13:38 AMT
Ֆրանսիայի դեսպանը՝ Եվրամիության ստացած խաղաղության Նոբելյան մրցանակի մասին

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, դեկանի խոսքով, արդեն ավանդույթ է դարձել տարբեր երկրների դեսպանների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հյուրընկալելը: Ապագա դիվանագետներն այսօր հյուրընկալել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

«Այսպիսի հանդիպումը ձեզ համար մի քանի դասախոսության արժեք ունի, որովհետև դուք գործնական գիտելիք եք ստանում միջազգային քաղաքականությանը մասնակից դեսպանից, որը նաև հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամ պետությունն է ներկայացնում», - ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Դեսպան Անրի Ռենոն ուսանողներին հայերեն ողջունելուց հետո խնդրեց ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր տիրապետում են ֆրանսերենին:

«Ցայտուն ընդգծված փոքրամասնություն», - նկատեց դեսպանը, -«Հայերենի պես աշխույժ և կենսունակ լեզու ունեցող մարդիկ չեն կարող ֆրանսերեն չսովորել, մանավանդ, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամություն ստացավ», - ասաց նա:

Դեսպանը ուսանողների հետ նախընտրեց խոսել ոչ թե Ֆրանսիայի, այլ Եվրոպայի մասին` անդրադառնալով վերջերս Եվրամիության ստացած խաղաղության Նոբելյան մրցանակին ու դրա արձագանքներին, մասնավորապես, տարակարծություններին հենց Եվրամիության ներսում: «Շատրերը մրցանակն անտեղին համարեցին, իսկ ես հարցնում եմ` ինչու հարկ եղավ սպասել այսքան երկար այն հենց Եվրամիությանը տալու համար», - ասաց դեսպանը