30 հոկտեմբերի 2012 - 15:43 AMT
Եվրոպայի հայերը, քրդերն ու ալևիները բողոքում են Էրդողանի Գերմանիա այցի դեմ

Եվրոպայի հայերը, եզդիները, քրդերն ու ալևիները բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա այցի դեմ: Մոտ 50 կազմակերպությունների շուրջ 10 հազար ներկայացուցիչներ ժամանել են Բեռլին ակցիային մասնակցելու համար:

Ինչպես հայտարարել է Գերմանիայի Հայկական կենտրոնի ղեկավար Ազադ Օրդուհանյանը, հայերի բողոքի պատճառը Հայոց ցեղասպանության չճանաչված լինելն է Թուրքիայում: «Մենք կոչ ենք արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, նա դա դեռ չի արել: Մենք կհիշեցնենք Էրդողանին մեր կոչը»,-ասել է նա, գրում է Hurriyet Daily News-ը:

Ալևիների արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Հուսեյն Մատը հայտարարել է, որ իրենք բողոքելու են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ուծացման քաղաքականության դեմ: «Էրդողանը գալիս է պատմելու Եվրոպային, թե որքան ժողովրդավարական երկիր է Թուրքիան, մենք ցույց կտանք, որ դա ճիշտ չէ»,-ասել է նա:

Մասնակիցները նաև բողոքում են Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության դեմ: