30 հոկտեմբերի 2012 - 17:37 AMT
Հասմիկ Մանուչարյանը կներկայացնի Հայաստանը «Կրկեսի ապագան» փառատոնում

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Լուգանսկի պետական կրկեսում (Ուկրաինա) տեղի կունենա Մանկական և երիտասարդական կրկեսական կոլեկտիվների, դպրոցների ու կատարողների միջազգային «Կրկեսի ապագան» խորագիրը կրող փառատոնը, հայտնում է «ՄԳ-մեդիան»:

Փառատոնում Հայաստանը կներկայացնի Հասմիկ Մանուչարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Երևանյան կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ըստ տնօրենի, 16-ամյա օդային մարմնամարզիկը մեծ հեռանկարներ ունի և լավ հույսեր է ներշնչում:

Փառատոնին մասնակցելու են նաև կատարողներ ու հյուրեր Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից: