30 հոկտեմբերի 2012 - 19:43 AMT
Վենետիկի իշխանությունները հայտարարել են արտակարգ ռեժիմ՝ կապված «բարձր ջրի» հետ

Վենետիկում հայտարարվել է արտակարգ նախազգուշացում՝ կապված ծովի մակարդակի զգալի բարձրացման վտանգի հետ: Տեղի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, «բարձր ջուրը» չորեքշաբթի օրը կհասնի 140 սմ մակարդակի:

«Դա նշանակում է, որ ջրի տակ կմնա քաղաքի տարածքի 60 տոկոսը, իսկ Վենետիկի ամենացածր վայրում՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, ջուրը կբարձրանա 60 սմ-ով: Չնայած նրան, որ «բարձր ջրի» ֆենոմենը կրկնվում է չորս տարին մեկ անգամ, ներկա իրավիճակը բացառիկ է»,- ասել է ծովային մակընթացություններին հետևելու և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Պաոլո Կանեստրելլին:

Վենետիկի իշխանություններն արդեն հայտարարել են քաղաքացիական պաշտպանության արտակարգ պլանի ակտիվացման մասին՝ գլխավորապես բնակչության առավել խոցելի խավերին օգնելու համար: