1 նոյեմբերի 2012 - 09:46 AMT
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտության դեպքում կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանին

Արտերկրից վերադառնալուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որը մի քանի ժամ է տևել։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որևէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին՝ միայն հավաստիացնելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք»։ Կուսակիցներից մեկի հարցին պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել։ Ներկաներից որևէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում ինչ է կատարվում։ «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվել են։ Տպավորություն էր, որ հրահանգված է լռել,- գրում է թերթը: