1 նոյեմբերի 2012 - 14:10 AMT
2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի ուսումնական հաստատությունները 4,9 մլրդ դրամ հարկ են վճարել

Հայաստանում գործող այն ուսումնական հաստատությունները, որոնք հարկատուներ են համարվում, 2012թ. առաջին կիսամյակում 4,9 մլրդ դրամ հարկ են վճարել, ինչը 11,4 տոկոսով ավելի է 2011թ. նույն ժամանակահատվածից: Այդ մասին նոյեմբերի 1-ի կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարարը ներկայացրեց կրթության ոլորտի վերաբերյալ տվյալները, այդ թվում անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարմանը:

Աշոտյանը նաև հայտնեց, որ Հայաստանի 12 բուհեր խոշոր հարկատուների ցուցակում են, իսկ պարտադիր սոցվճարներով նույնիսկ 100 խոշոր հարկատուների ցանկում, և այստեղ աճը կազմել է 12 տոկոս նախորդ տարվա նույն հատվածի համեմատ:

Հոկտեմբերի 8-ի դրությամբ գերվճարները կրթության ոլորտում կազմել են 3,3 մլրդ դրամ, իսկ պարտքերը՝ 11 մլն դրամ:

Ըստ նախարարի, վճարովի ծառայությունների ծավալը կրթության ոլորտում առաջին 8 ամիսներին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է, հիմնական պայմանավորված այն հանգամանքով, որ բուհերում կրճատվել է ուսանողների քանակը, քանի որ անցայլ տարի մենք չունեցանք շրջանավարտներն, ինչը կապված էր դպրոցներում 12-ամյա կրթության անցնելու հետ: «Միաժամանակ, 2012թ. օգոստոսին արդեն գրանցվեց վճարովի ծառայությունների ծավալի 4,6 տոկոս աճ, մենք ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ առաջիկա տարիներին նախատեսվում է կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամտի ավելացման համար ձեռնարկել մի շարք միջոցներ, մասնավորապես, ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները և այլն։

Նախարարի զեկուցումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հարցը մանրակրկիտ և հետաքրքիր քննարկման է դրվել նախարարական կոմիտեի նիստում, որտեղ լսվել է նաև ՊԵԿ հարակից զեկույցը։ «Մեզ համար արձանագրեցինք մի շարք խնդիրներ, - հավելել է վարչապետը։ - Կարծում եմ՝ սա շատ օգտակար վարժություն էր և՛ պարոն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար, որպեսզի գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք, որպեսզի ըստ ճյուղերի բացահայտենք առկա ներուժը։ Այդ քննարկումից մեզ համար օգտակար բաներ քաղեցինք։

Հաջորդը լինելու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվետվությունը։ Դրանից հետո կլինի տրանսպորտի և կապի նախարարության հաշվետվությունը։ Մենք ձեզ կներկայացնենք նաև մյուս նախարարությունների հաշվետվությունների ժամանակացույցը», - ասել է Տիգրան Սարգսյանը։