1 նոյեմբերի 2012 - 14:27 AMT
Վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան

Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հեռանկարների թվում Արմեն Աշոտյանը տեսնում է օտարերկրացի ուսանողների քանակի ավելացումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնումը: Այդ մասին նախարարն ասել է նոյեմբերի 1-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով իրավիճակը կրթության ոլորտում:

«Այսօր շատ սուր է դրված ուսանողական հանրակացարանների հարցը: Կարող եմ դա ասել բժշկական համալսարանի օրինակով, որտեղ Հնդկաստանից ուսանողների հանրակացարանի պահանջարկը շատ ավելի է, քան մենք կարող ենք տրամադրել»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան:

«Այդ հոսքը մենք կարող ենք ավելացնել, եթե նոր ուսանողական հանրակացարանային կենտրոն բացենք»,-ասաց Աշոտյանը: