1 նոյեմբերի 2012 - 17:38 AMT
Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Ցուցադրությունները կազմակերպվել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի կողմից` ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

«Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ: «Առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, և դարձյալ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ: Այս տարի փառատոնը կրում է «Թող թևածի խաղաղությունն ամենուր» խորագիրը»,- նշեց նա:

Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և Գյումրիում: Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում, նոյեմբերի 2-ին` ժամը 18:45-ին, կցուցադրվի «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում», նոյեմբերի 3-ին` ժամը 18:00-ին` «Գարնանային ձյուն», ժամը 20:30-ին` «Երբ ապրում ես հորդ հետ… Ձիձոյի դեմքը», նոյեմբերի 4-ին` ժամը 18:00-ին` «Ձեն», ժամը 20:00-ին` «Գազանանոց Ասախիյամա – Պինգվինները երկնքում» ֆիլմերը: Իսկ Գյումրիում նոյեմբերի5-ին` ժամը 14:00-ին, կցուցադրվի «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում», նոյեմբերի 6-ին` ժամը 16:00-ին` «Ձեն», իսկ ժամը 18:15-ին` «Գազանանոց Ասախիյամա – Պինգվինները երկնքում» ֆիլմերը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: