Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի մասունքներից վերցված հյուսվածքների նմուշներում հայտնաբերվել են թունավորման ախտանիշներ, գրում է Bügün թերթը՝ Դատական փորձաքննության ինստիտուտում աղբյուրի վրա հղումով:
Ըստ թերթի, անալիզի վերցված նմուշներում հայտնաբերվել է ուժեղ թույնի՝ ստրիխնինի, որոշ քանակ, որն էլ մահվան պատճառ է դարձել:
Թուրքիայի դատախազությունը սեպտեմբերի կեսին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեց Օզալի մարմնի արտաշիրիմման համար, չնայած նրան, որ ընտանիքը դեմ էր դրան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Տարօրինակ հանգամանքներում 1993թ. վախճանված նախագահի մահվան պատճառների հետազոտումը կրկին վերսկսվեց նրա թունավորման մասին ասեկոսեների կապակցությամբ: Նրա մահվան պաշտոնական վարկածը մինչ օրս համարվում էր սրտամկանի անբավարարությունը: Սակայն հանգուցյալի այրին պնդում էր, որ նրա ամուսնուն թունավորել են: Օզալի թիմակիցները այդ վարկածը մերժում էին: