2 նոյեմբերի 2012 - 17:14 AMT
Իլգար Մուշկիև. 2009թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունը Հայաստանում բարձր մակարդակով էր կազմակերպված

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն 500 մարզիկներ 70 երկրներից: Երևան կժամանի նաև Ադրբեջանի հավաքականը: Նախկինում ևս ադրբեջանցի մարզիկները մասնակցել են մրցումների Երևանում՝ Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությանը 2009 թվականին:

Այն ժամանակ Ադրբեջանի հավաքականի կազմում Երևան էր ժամանել նաև Իլգար Մուշկիևը, որը արծաթե մեդալ նվաճեց: azerisport.com տված հարցազրույցում նա ասել է, որ առաջնությունը Հայաստանում բարձր մակարդակով էր կազմակերպված: «Մենք առանձին հյուրանոցում էինք իջևանել, մեզ ուղեկցում էր մրցումների ոստիկանության պարեկախումբը: Մեր ավտոբուսը չէր կանգնում կարմիր լույսի տակ: Նույնիսկ զուգարան գնալուց մենք մեկական թիկնապահ ունեինք: Մեզ խորհուրդ տվեցին ազգային թիմի համազգեստ չկրել, կրում էինք քաղաքացիական հագուստ»,-ասել է Մուշկիևը:

Նա խոստովանել է, որ եզրափակիչ մենամարտում մրցավարի համակրանքն իր մրցակցի՝ ռուսաստանցու կողմն էր: «Բայց ես ինքս էի մեղավոր: Անշուշտ, հանդիսատեսը մեր դեմ էր տրամադրված, սակայն երբ սկսվեց մենամարտը բոլոր իմ մտքերը միայն մրցակցի մասին էին, իսկ տրիբունաների վերաբերմունքին մենք հոգեբանորեն պատրաստ էինք»: Մուշկիևը գտնում է, որ Ադրբեջանի երիտասարդական հավաքականում հեռանկարային տղաներ կան, որոնք կարող են իրենց ցույց տալ Հայաստանում: «Հավատում եմ, որ նրանք Երևանից կվերադառնան մեծ հաջողություններով»,-ասել է Մուշկիևը: