«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային 4-րդ մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի պաշտպանության նախարարության թիմը: Չափազանց հետաքրքիր և դիտարժան խաղում պաշտպանության նախարարության թիմը 5:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի կրթության և գիտության նախարարության թիմի նկատմամբ: Դուբլի հեղինակ են դարձել Արմեն Իգիթյանն ու Արթուր Գաբրիելյանը, մեկ գոլ էլ հեղինակել է Էդիկ Ավանեսյանը: Պաշտպանության նախարարության թիմը 3-րդ անգամն է նվաճում հաղթողի կոչումը, մինչ այդ թիմը հավասարը չի ունեցել 2009 և 2010 թվականներին:
3-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ոստիկանության թիմը: Հաղթողներին մեդալներով և գավաթով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են նաև 600.000, 400.000 և 200.000 դրամ և մարզահագուստ:
«Շնորհավորում եմ բոլորին այս ֆուտբոլային տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ պաշտպանության նախարարության թիմին, սա մեր բոլորի հաղթանակն է, ինչպես և բանակի հաղթանակը բոլորինս է: Այս մրցաշարում պարտվողներ չեն եղել, հաղթանակած են դուրս եկել բորորս»,- ասել է Սարգսյանը:
Նվերներ են ստացել նաև լավագույնս իրենց դրսևորած խաղացողները: Լավագույն դարպասապահը Միսակ Հակոբյանն է (Գլխավոր դատախազության թիմ), պաշտպանը`Մնացական Քոչարյանը (Արտակարգ իրավիճակների նախարարություն), կիսապաշտպանը` Արա Մանվելյանը (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաություն), լավագույն խաղացողի կոչմանն է արժանացել Արթուր Գաբրիելյանը, ռմբարկուն Գևորգ Մկրտչյան է (Կրթության և գիտության նախարարություն), իսկ արդար խաղի մրցանակը ստացել է Հայաստանի կառավարության թիմը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և կառավարության այլ անդամներ: