5 նոյեմբերի 2012 - 15:55 AMT
Մանկապարտեզների 3 տնօրեններ ազատվել են աշխատանքից, 3-ը՝ ենթարկվել կարգապահական տույժի

Քաղաքապետարանում այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ մանկապարտեզներում շարունակում են մատակարարվող սննդի որակի հսկողության նպատակով ստուգայցերը:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաև ընդհանուր սպասարկման մասով:

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց, Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը: