5 նոյեմբերի 2012 - 17:52 AMT
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն արձագանքել է Թեղուտի պաշտպանների կոչին` կապված ՎՏԲ Բանկի հավատարմագրման գործընթացի հետ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործադիր ղեկավար և նախագահ Նաոկո Իշին արձագանքել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից այս տարվա սեպտեմբերի 6-ին ԳԷՀ-ին հղված նամակին, որտեղ նախաձեռնությունն արտահայտում էր իր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հավատարմագրման գործընթացում ՎՏԲ բանկը ներառելու առնչությամբ:

Իր նամակում Նաոկո Իշին նշել է, որ ԳԷՀ-ը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր այն մարդկանց կարծիքին, ում առնչվում է ԳԷՀ-ի գործունեությունն, ուստի նամակում նշված մտահոգությունները լրջորեն հաշվի են առնվել և փոխանցվել հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Նամակը նաև հավաստիացնում է, որ հանձնաժողովի անդամները ընտրվում են խիստ չափանիշներով և հանդիսանում են սոցիալական, ֆինանսական և բնապահպանական երաշխիքների ոլորտներում համաշխարհային մակարդակի փորձագետներ, իսկ հավատարմագրման կիրառվելիք չափանիշները չեն տարբելու նախկին չափանիշներից, համաձայն որոնց հավատարմագրվել են ԳԷՀ-ի ֆինանսական միջոցները կառավարող գործակալությունները:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունն արտահայտել էր իր մտահոգությունն այն մասին, որ «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորող ռուսաստանյան ՎՏԲ բանկը մասնակցում է ԳԷՀ Ծրագրի Գործակալություն դառնալու հավատարմագրման գործընթացին: Թեղուտի պաշտպանները նշել էին, որ ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ֆինանսավորելը բավարար է, որ ՎՏԲ-ի թեկնածությունը հակասի ԳԷՀ-ի մանդատին. այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ին: