«Հրապարակ»-ը գրում է. «Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին, մեր տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 27-ամյա Դավիթ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը՝ մայիսին, երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է՝ այն վերանորոգվում է: Ինչպես նաև կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված «Երևաննախագծի» շենք:
Ինչևէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել և այնպես անել, որ մամուլ չընկնի: Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին՝ թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին մենք տեղեկացանք Դավիթի մտերիմներից մեկից:
Դավիթ Գևորգյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել:
Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան:
Այն մասին, որ նման դեպք եղել է, և որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաև ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»:
Ակնհայտ էր նաև, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որևէ բառ չփոխանակել անծանոթների, առավել ևս լրագրողների հետ: Երեկ, երբ փորձեցինք այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր՝ «լրագրո՞ղ ես», ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում»,-գրում է թերթը: