6 նոյեմբերի 2012 - 14:43 AMT
ՀՀԿ-ն սպասում է քաղաքական ուժերի դիրքորոշումներին

ՀՀԿ-ն վաղուց հայտնել է իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ և ունի իր թեկնածուն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Նման տեսակետ այսօր հրավիրված ասուլիսի ժամակ հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններին: Ըստ ԱԺ պատգամավորի, Հանրապետական կուսակցությունն այժմ իրականացնում է ներկուսակցական աշխատանքներ և այդ աշխատանքները սկսել է ներքևի օղակից, իսկ վերին օղակին կհասնի դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի համագումարին:

Հանրապետական կուսակցության համար դեռ հստակ չէ, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշումներ ունեն, եթե դիրքորոշումները հայտնի լինեն, ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի քննարկել դրանք՝ նկատեց ԱԺ պատգամավորը:

Ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսելիս՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ նույնիսկ ՀԱԿ-ի ներսում միասնական թեկնածու չկա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին և իրականություն է դարձել իր՝ ամիսներ առաջ արտահայտած տեսակետը, թե ընդդիմության միասնական թեկնածու չի կարող լինել: «ԲՀԿ-ն առանձին քաղաքական ուժ է և ինքն է որոշում իր պահվածքը: Քաղաքական դաշտի գործող հիմնական քաղաքական ուժերը շատ ավելի հանգիստ կլինեն, երբ որ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն: Խոսքս վերաբերվում է հատկապես ընդդիմադիր հատվածին»,- ընդգծեց հանրապետական պատգամավորը: