6 նոյեմբերի 2012 - 16:50 AMT
Էլեկտրոնային վճարման և փոխանցման նոր ծառայություն՝ բջջային հեռախոսի միջոցով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՄոբիԴրամի` ՎիվաՍել-ՄՏՍ-ին ամբողջապես պատկանող դուստր ընկերության ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին: Այս պահին ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երևանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման և փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում:

ՄոբիԴրամը հնարավորություն է տալիս Հայաստանի բնակչությանն օգտվելու փոխանցման և վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» և «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամի որևէ մասնաճյուղ:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաև «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաև բջջային և ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական և այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաև կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները և կատարել այլ վճարումներ: