6 նոյեմբերի 2012 - 18:00 AMT
Հմայակ Հովհաննիսյան . ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն սպասում են ԲՀԿ-ի դիրքորոշմանը

Քաղաքական ուժերը սպասում են գլխավոր հարցին, արդյո՞ք ԲՀԿ-ն կհայտարարի իր նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը և հավելեց, որ քանի որ ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը չի եղել, մյուս կուսակցությունները պարզապես լռում են, ոչ թե սպասում .«Վաղ թե ուշ պաշտոնապես կհայտարարվի նախընտրական շրջանի սկիզբը և կուսակցությունները փորձում են հասկանալ, մասնակցում են ընտրություններին, և եթե մասնակցում են, ապա ի՞նչ ձևաչափով»: Քաղաքագետն այս ամենը պայմանավորեց ընդդիմադիր միասնական թեկնածուի խնդրով: Սերգեյ Շաքարյանցը չբացառեց, որ քաղաքական դաշտի որոշակի լռությունը պայմանավորված է նաև արտաքին գործոնների ազդեցությամբ: Այս ամենի հետ մեկտեղ նա նշեց, որ արտաքին ազդակները քաղաքական ուժերը օգտագործում են ազգային անվտանգության երաշխիքներ ձեռք բերելու համար:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումների ոչ հստակ լինելը, նշեց.« Այստեղ պարզ է, որ Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը սպասում են ԲՀԿ-ի դիրքորոշմանը»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ի որոշման երկարաձգումը պայմանավորված է երկու գործոնով: Նախ՝ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ հնարավորություն ունի իշխանությունների հետ սակարկել որոշ հարցերում, և երկրորդ՝ ԲՀԿ-ն իր որոշման երկարաձգումով հասարակության համապատասխան սպասելիքները բխեցնելու ինտրիգն է պահում:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ –ն և «Ժառանգությունը» 2013 թվականի նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը պաշտոնապես չեն հայտարարել: Քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է պաշտոնապես հայտարաել, որ առաջադրելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ՕԵԿ-ը սատարելու է երկրի նախագահին: