6 նոյեմբերի 2012 - 21:37 AMT
Սիրիահայերին օգնելու համար Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ-ն հավաքել է ավելի քան 44 հազար եվրո

Արևմտյան Եվրոպայում ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է Սիրիայի հայերին օգնություն ցուցաբերելու համար միջոցներ հավաքելու առաջին փուլն ավարտելու մասին: Ակցիայի արդյունքում հավաքվել է 44 135 եվրո: Ակցիան անցկացվում է «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ արդեն Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ Հալեպի հայերի համար: ՀՅԴ-ն կոչ է անում շարունակել աջակցել սիրիահայերին: Նման ակցիաներ են անցկացվում Եվրոպայի տարբեր շրջաններում:

Հոկտեմբերի 29-ին Հալեպի մոտակայքում մի քանի հայ էին պատանդ վերցրել: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի տվյալների` պատանդները «ողջ և առողջ են»: PanARMENIAN.Net ի թղթակցին նա ասել է, որ մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:

ԱԳՆ խոսնակը փոխանցեց նաև, որ Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առևանգել են ևս մի հայի` Սաքո Կոզանին: Ավելի վաղ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից նաև սպանվել է ևս մեկ հայ` 1968 թ-ին ծնված Վարդան Խաչատրյանը:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտնել էր, որ պատանդ էին վերցրել Կարո Փամփալյանին, Արսեն Արոյանին, Լևոն Զեյթունյանին, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներին: