30 ապրիլի 2005 - 12:02 AMT
2006 ԹՎԱԿԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ
2006 թվականը Ռուսաստանում հռչակվել է Հայաստանի տարի: Իսկ այս, 2005 թիվը` Ռուսաստանի տարի է Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Դիվանագետը հիշեցրել է, որ մարտի վերջին Հայաստան այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահը բացեց Հայաստանում Ռուսաստանի տարին: Նրա խոսքերով, նախապատրաստվում են բազմաթիվ միջոցառումներ տարբեր ոլորտներում, սակայն դրանց առյուծի բաժինը տեղի կունենա հումանիտար ոլորտում: Տեղի կունենա 5 տնտեսական համաժողով Հայաստանում հայ եւ ռուս գործարարների մասնակցությամբ: Ռուսաստանի 6 նահանգապետներ կժամանանեն Հայաստան տնտեսական համագործակցության պայմանագրեր ստորագրելու համար: Աշնանը բացվում է «Արմենալը»` ալյումինի գործարանը, որը ապահովում է շուրջ 1000 աշխատատեղ: Ռուսաստանը կանի ամեն ինչ վերագործարկելու համար այն գործարանները, որոնք ստացվել են պարտքի դիմաց: Դրանցից երկուսը «Երմմգհի» եւ «Մարս» գործարաններն են: Հայաստան են այցելել արդեն Չեխովի անվան ՄԽԱՏ-ի թատրոնը: Ինչպես նշել է դեսպանը, այս տարի կանցնի նաեւ ռուսական կինոյի շաբաթ, ռուսական հեռուստատեսության օրեր Հայաստանում, Երեւան կգա Օբրազցովի թատրոնը, մայիսի վերջին Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալվի Մեծ թատրոնը «Կարապի լիճը» եւ «Ռոմեո եւ Ջուլետ» բալետներով, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Վ.Սպիվակովի ղեկավարությամբ, Հայաստան ամառային հանգստի կժամանեն երիտասարդական խմբեր եւ այլն: 2006 թվականին, որը Հայաստանի տարի կլինի Ռուսաստանում մենք նույն կերպ կներկայացնենք Հայաստանը Ռուսաստանում, նշել է Արմեն Սմբատյանը: