7 նոյեմբերի 2012 - 16:03 AMT
ԱԱԾ մամուլի խոսնակը` Բաքուն պայթեցնել առաջարկած տաջիկի նոր հայտարարության մասին. Ի՞նչ ասես դրան

20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց Բաքվում պայթյուն կազմակերպելու առաջարկով ՀՀ իրավապահ մարմիններին դիմած ազգությամբ տաջիկ Զամիրժոն Օտաժոնովը, որը վտարվել էր ՀՀ-ից, Բաքվում մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել է, որ միջազգային դատարանում հայտ է ներկայացնելու Հայաստանի կառավարության դեմ իր իրավունքները խախտելու և իրեն զրպարտելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններով նա հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ տարածած տեղեկությունները սուտ են:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, որ Օտաժոնովի գործողությունների մասին ԱԱԾ-ն իր բոլոր մեկնաբանություններն արդեն տվել է:

«Ի՞նչ ասես դրան», - ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմիններին Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979 թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը դիմել էր սեպտեմբերի 24-ին: Նա իր առաջարկը հիմնավորել էր`ասելով, թե 2012 թ. ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և նրա գործողությունները սադրանք են: Ադրբեջանական կողմի այս քայլերը նպատակ են հետապնդել միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր: Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռամիլ Սաֆարովի շուրջ ստեղծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: