2 մայիսի 2005 - 09:27 AMT
ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵ. ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՏԵՍՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Ֆրանկֆուրտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի չմասնակցելու փաստը, նշել է, որ ցանկացած ողջամիտ մարդ նույն կերպ կվարվեր, ինչպես որ վարվեց Հայաստանի արտգործնախարարը, հաղորդել է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, «հայերը Լեռնային Ղարաբաղը զավթելու նպատակ ունեին, եւ նրանք դա արեցին»: «Իսկ մեր պետությունը այսքան ժամանակ չստեղծեց ուժեղ բանակ, ինչը Հայաստանի օգտին է»,-նշել է նա: «Ադրբեջանը միայն խնդրում է իր հակառորդին` կամավոր վերադարձնել այն, ինչը ձեռք է բերվել պատերազմի գնով»,-հայտարարել է Զարդուշտ Ալիզադեն:
Նրա խոսքերով, պատերազմը շահելու համար Ադրբեջանին «անհրաժեշտ է ստեղծել ուժեղ բանակ, գործի դնել քարոզչական մեքենան, իրական հասարակական աշխատանք ծավալել` հայերին համոզելու բնականոն եւ անվտանգ գոյակցության հնարավորության հարցում»: Նա նաեւ արձանագրել է, որ այսօր միջազգային հանրությունը ընտելանում է Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի գոյության մտքին:«Արեւմուտքը տեսնում է, որ իրականում Ղարաբաղն Ադրբեջանին հարկավոր չէ, այդ հողը հարկավոր է նրան, ով դրա համար կռվել է զենքը ձեռքին եւ ով այժմ տիրում է այն, եւ դա Արեւմուտքին բավարարում է»,-ընդգծել է Ալիզադեն: