10 նոյեմբերի 2012 - 14:17 AMT
Ահարոն Ադիբեկյան. Ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ

Գալիք նախագահական ընտրությունների հարցում ընտրողների 20 տոկոսը դեռ կողմնորոշված չէ, իսկ այդ թիվը, ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, բավականին լուրջ ցուցանիշ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ընտրողները փնտրում են հոգատար թեկնածուի: Իսկ այդ կերպարի մեջ, սոցիոլոգի խոսքով, մտել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և եթե նա որոշակի քայլեր ձեռնարկեր, ապա նրան կարելի էր Մովսեսի նման մեկը համարել, ով ցույց կտար ճանապարհը: «Բայց նա ընդամենը խոստում է տալիս. երբ որ ես դառնամ նախագահ, այն ժամանակ կստանաք:Մեզ մոտ բնակչության 40 տոկոսը առաջին հերթին ձայնը տալիս է բարեհամբույր թեկնածուին, մեր ընտրողների մի մասն էլ պահպանողական է՝ նրանք, ովքեր ունեն բիզնես, լավ աշխատանք, երեխան սովորում է, բանակում ծառայել է և այլն, դեմ են քաղաքական փոփոխություններին»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ ընտրությունների ելքը որոշվում է այն մարդկանց ձայների հաշվին, ովքեր տատանվում են և սոցիալապես ապահով չեն: «Դժբախտաբար, նրանց սոցիալական բողոքի ձայնը մեծ չէ»,- ասաց նա: