5 մայիսի 2005 - 14:08 AMT
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ալեքս Ռասինը` «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի նախագահ Փոլ Էփըլգարդի անունից շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` հայաստանյան ծրագրի արագ եւ հստակ մշակման համար: Հայաստանի վարչապետն իր հերթին հերթական անգամ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը համահունչ է նաեւ Հայաստանի կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին ու խնդիրներին: Ալեքս Ռասինը ծանոթացրել է Մարգարյանին գնահատման մեխանիզմին եւ հիմնադրամի ծրագրի ընդունմանը, համաձայնագրի ստորագրման դեպքում նախատեսվող հետագա քայլերին: Այդ առնչությամբ նա կարեւորել է նոր երկկողմ աշխատանքային խմբերի ստեղծումը նախագծերի իրականացման համար, իսկ անհրաժեշտության դեպքում հայաստանյան ծրագրի լրամշակման եւ հիմնադրամի խնդիրներին համապատասխանեցման համար: Ինչպես նշել է Ա.Մարգարյանը, Հայաստանի կառավարությունը կներկայացնի իր աշխատանքային խմբի կազմը եւ եթե Հայաստանը ընդգրկվի հիմնադրամի կողմից ֆինանսական օժանդակություն ստացող առաջին երկրների շարքում, ապա պատրաստ է կազմելու նաեւ հստակ ժամանակացույց` նախատեսված ծրագրերը արագ եւ արդյունավետորեն իրականացնելու համար: