12 նոյեմբերի 2012 - 15:19 AMT
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով նոյեմբերի 12-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ուրուգվայի խորհրդարաանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ ՏիգրանՍարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան- Ուրուգվայպատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Նախատեսվում է պարոն Օռիկոյի ելույթը Ազգային ժողովի նիստում: Երևանի պետական համալսարանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կհանդիպի ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: