Այսօր առավոտյան Իրանում մեկնարկեցին ՀՕՊ «Վելայաթ-4» լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հայտնեց IRNA գործակալությունը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Միացյալ նահանգների համար այս զորավարժությունները լուրջ քայլերի անցնելու ազդակ չեն լինի:
«ԱՄՆ և արևմուտքը միշտ արձագանքում են Իրանում անցկացվող ցանկացած զորավարժության, այս անգամն էլ բացառություն չի լինի, բայց միայն հայտարարություններ կհնչեն», - ասաց նա:
Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ հենց ՀՕՊ համակարգերի լայնածավալ զորավարժություններն աննպատակ չեն:
«Եթե Իրանի վրա հարձակում, այնուամենայնիվ, լինի, ցամաքային պատերազմ չի լինելու: ԱՄՆ օդուժն է աշխատելու և, բնականաբար, Իրանը պատրաստվում է հենց դրան»,- ասաց նա:
Զորվարժություններն անցնում են Իրանի 8 գավառներում: Մասնակցում են Իրանի ԶՈւ, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները և «Բասիջ» կամավորական ջոկատները: Զորավարժություններին մասնակցում են F-4, F-5, F-7, F-14, Սու-14, ՄիԳ-29, ինչպես նաև հետախույզ ինքնաթիռներ: Նախորդ «Վելայաթ-3» զորավարժությունները 2011 թվականին են տեղի ունեցել: